Անելիք Բանկն անցում է կատարելու ամբողջովին այլ՝ թվային հարթակի
«Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի ժ/պ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի հարցազրույցը News.am լրատվականին:

- Նոր բաժնետիրոջ մուտքից հետո, ինչպե՞ս փոխվեց Բանկի հիմնական գործունեությունը և ռազմավարությունը։

- Ինչպես նշել էի մի շարք նախկին հարցազրույցներում, 2016թ․ իսկապես բեկումնային էր Անելիք Բանկի համար, և նոր բաժնետիրոջ մուտքը մեծ փոփոխությունների բերեց՝ թե գաղափարային, և թե բուն ռազմավարության իրականացման տեսակետից։ Մի շարք ստրատեգիկ որոշումներ ընդունվեցին, որոնք միանշանակ ազդել են և ձևավորել Բանկի նոր դեմքը և հաճախորդների հանդեպ մեր մոտեցումները։

- Իսկ ո՞ր հիմնական ուղղությունները կառանձնացնեիք:

- Կցանկանայի շեշտը դնել մի շարք հանգամանքների վրա, որոնք բավականաչափ ազդել են Բանկի գործունեության, ինչպես նաև Բանկի տեսլականի ձևավորման վրա։

Առաջինը` Բանկը փոխում է իր մոտեցումը ավանդական բանկինգի նկատմամբ և դասական մանրածախ պրոդուկտների ներկայացման մոդելից անցում է կատարելու ամբողջովին այլ՝ թվային հարթակի, և իր հաճախորդներին ներկայացնելու է Բանկային նոր ձևաչափի արդիական պրոդուկտներ։ Այս փաստի մասին արդեն վկայում է Բանկի վարչակազմակերպական կառուցվածքի մեջ առանձին և նոր ճյուղը՝ Թվային Բանկինգի տնօրինությունը, որը պատասխանատու է լինելու բոլոր նոր հատուկ ծրագրերի իրականացման համար։

Իհարկե Բանկն իր գործունեությունը չի սահմանափակելու միայն թվային բանկինգի գործիքների ներկայացմամբ, սակայն նախատեսվում է այդ ոլորտին մեծ ուշադրություն դարձնել։

Երկրորդ կարևոր փաստը՝ Բանկը ներդրումային ծրագրերի մասով ակտիվ քաղաքականություն է վարում։ 2016թ․-ին իր պատմության մեջ առաջին անգամ Բանկը սկսեց թողարկել արժեկտրոնային պարտատոմսեր և արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 4 տրանշ ընդհանուր՝ 15 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են նշված ժամանակահատվածից շուտ: Բանկը շարունակում է իր ակտիվ գործունեությունը ներդրումային շուկայում և արդեն հայտարել է Բանկի համար հոբելյանական պարտատոմսերի՝ 5-րդ տրանշի թողարկման մասին` ԱՄՆ դոլարով և 5.75% տարեկան եկամտաբերությամբ, արդեն ըստ ավանդույթի ընդհանուր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով։

- Մոտակա օրերս Բանկը ամփոփելու է նաև 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները. Ի՞նչ տենդենց է նկատվում, փոխվե՞լ է արդյոք Բանկի վարկավորման քաղաքականությունը:

- Այո, որոշակիորեն Բանկը վերանայել է իր վարկավորման քաղաքականությունը և շեշտը դրել ՀՀ տնտեսության ֆինանսավորման վրա։ Առաջիկա ժամանակաշրջանում մենք ժամանակավորապես դադարեցնում ենք միջազգային շուկայի ֆինանսավորումը և խոշոր ներդրումային պրոյեկտները՝ շեշտը դնելով հայկական շուկայի զարգացման և ֆինանսավորման վրա` այս ամենով զսպելով հնարավոր ռիսկերը։
Տվյալ քաղաքականության արդյունքում կնկատվի ակտիվների կառուցվածքի փոփոխություն և ակտիվների մեծության որոշակի նվազում, սակայն հարկ է փաստել, որ կապիտալի և շահույթի մեծության ցուցանիշներով Բանկը պահպանում է իր առաջատար դիրքերը։
Ավելին՝ Բանկն իր այս որոշումն ընդունելուց առաջնորդվել էր միայն որակական ցուցանիշների և գործունեության էֆեկտիվության ապահովման ցանկությամբ։ Օրինակ՝ 3-րդ եռամսյակի ընթացքում, Բանկի կապիտալի համարժեքությունը աճել է` 33%-ից դառնալով գրեթե 38%, ավելացնելով ապահովվածության բուֆֆերը, միևնույն ժամանակ էականորեն աճել են գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները, ինչպիսին են ROA-ն և ROE-ն` էականորեն գերազանցելով բանկային համակարգի միջին ցուցանիշները։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт