IDBank-ը հաղթեց զավեշտալի «22 մլն-անոց» գործը
«Բ․Մ․Լ․ Արզնի ընկերությունն ընդդեմ Անելիք Բանկի» գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 12․03․20 թվականի որոշման դեմ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի տնօրենի և նույն ընկերության սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։
Հիշեցնենք, ս․թ․ մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, իսկ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության՝ Բանկից 22 մլն դոլարի պահանջն անհիմն որակել։
Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով սա կարող ենք անվանել արդարության և արդարադատության վերականգնում ․ «Ուրախ ենք արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն անգամ վարույթ չի ընդունել այս անհեթեթ բողոքը և ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այսինքն՝ Բանկը չունի որևէ պարտավորություն «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության և նույն ընկերության սնանկության կառավարչի նկատմամբ»,- ասել է Մհեր Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության նախկին սեփականատեր Գևորգ Աֆանդյանը 2010 թվականին «Անելիք Բանկից» ստացել էր 7 մլն ԱՄՆ դոլար վարկ, չէր կատարել իր վարկային պարտավորությունները, սակայն որոշ ժամանակ անց Բանկի հետ կնքված համաձայնագրով (համաձայնագիրն, ի դեպ, առոչինչ է ճանաչվել առաջին ատյանի դատարանի կողմից) Աֆանդյանը հետ էր ստացել գույքի 33,3%-ը, և այժմ էլ Բանկից պահանջում էր 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք։
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, ովքեր անվերապահորեն վստահել են մեզ դատական այս քաշքշուկի ողջ ընթացքում և գնահատել են մեր կողմից առաջարկվող ծառայությունները, սպասարկման որակն ու գործընկերային հարաբերությունները։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել մեր կողմից որդեգրված թվայնացման ռազմավարության ճանապարհով, կատարելագործել առաջարկվող գործիքակազմն ու նորարար պրոդուկտներով համալրել մեր հաճախորդների առօրյան»,- եզրափակել է Մհեր Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ։

IDBank-ի հաղորդակցման բաժին
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт