IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը

Հոկտեմբերի 20-ին Երևանի Պետական Համալսարանի նիստերի հանդիսավոր դահլիճում ամփոփվեց IDBank-ի և ԵՊՀ-ի կողմից սահմանված կրթաթոշակի մրցույթը։ Կրթաթոշակը սահմանվել էր ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անվամբ։

Մրցույթի ամփոփման միջոցառման ժամանակ խոսվեց հենց Գևորգի մասին՝ որպես հայրենասեր անհատ, որպես ԵՊՀ լավագույն ուսանողներից մեկը, ֆանտաստիկ ընկեր և պարզապես օրինապահ քաղաքացի, որ իր ամեն օրն ապրում էր Հայաստանի և Արցախի շենացման մասին երազելով և դրան իր հերթին նպաստելով։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ չնայած չի ճանաչել Գևորգին, նրա մասին շատ է լսել, հետևել է Գևորգի գործունեությանը: «Գևորգն իսկական համալսարանական էր։ Մենք միշտ հիշելու ենք մեր բոլոր նահատակված ուսանողներին. նրանք մշտապես համալսարանականի կնիքն են կրում և հավերժ մնալու են մեր սրտերում։ Շնորհակալ ենք IDBank-ին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, քանի որ կրթաթոշակներ սահմանելը նաև ներդրում է ապագայի համար», - նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ այսօր բոլորիս միավորում է մեր նահատակված հերոսների նկատմամբ պարտավորության զգացումը։ «Նրանք ունեին բազմաթիվ երազանքներ, բայց կարծում եմ՝ բոլորի ամենամեծ երազանքը հզոր և ուժեղ հայրենիք ունենալն էր: Այսօր բոլորս պետք է բարձր պահենք նրանց անունը և մեր ներդրումն ունենանք մեր երկրի զարգացման գործում», - ասաց Մհեր Աբրահամյանը։

Գևորգ Արշակյանի անվան՝ միանվագ 400․000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակին արժանացան ԵՊՀ չորս ուսանողներ՝ Աննա Հակոբյանը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետից, Մուրադ Սողոյանը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից, Արամ Բուղդարյանը Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից և Սմբատ Ալեքսանյանը Արևելագիտության ֆակուլտետից։

IDBank-ը, կարևորելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն իր գործունեության մեջ, մշտապես առանձնակի ուշադրությամբ է մոտենում կրթական բաղադրիչին։ Բացի տարատեսակ առանձին ծրագրերից՝ Բանկն իր ռազմավարական գործընկեր Իդրամ ընկերության հետ իրականացնում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Վերջինս արդեն ավելի քան մեկ տարի է՝ ուղղված է հասարակության առաջնահերթ խնդիրների լուծմանն ու հասարակության տարբեր շերտերի սոցիալական աջակցմանը։ Ավելի քան մեկ տարում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը տարբեր ծրագրերի և հասարակական կազմակերպությունների է ուղղել ավելի քան 40 մլն ՀՀ դրամ։

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 28.10.2021 08:18
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт