Ուշադրություն

Ուշադրություն

Սիրելի՛ հաճախորդներ,
Հետպատերազմյան օրերին սոցիալական ցանցերում առավել ակտիվացել են դրամաշորթության և կեղծ դրամահավաքի դեպքերը։ Խնդրում և հորդորում ենք գումար փոխանցելիս ուշադրություն դարձնել հետևյալին․
  1. Պարտադիր կերպով հետադարձ հեռախոսային կապ հաստատեք օգնության խնդրանքով Ձեզ դիմած մարդու հետ։ Անգամ եթե Ձեզ գրում են Ձեր ընկերոջ կամ բարեկամի սոցիալական հաշվից, հիշե՛ք, որ հնարավոր է՝ նրա հաշվին հասանելիություն է ստացել երրորդ անձ։ Վերջերս հաճախ են պատահում նաև դեպքեր, երբ դրամաշորթները հանդես են գալիս Արցախից տեղահանված մեր հայրենակիցների անվան տակ կամ ներկայանում են իբրև ռազմաճակատ մեկնած կամավորներ և նյութական շտապ օգնություն խնդրում սոցիալական ցանցերում։ Խնդրում ենք համոզվել, որ զրուցում եք իսկապես օգնության կարիք ունեցող մարդու հետ։
  2. Երբեք և ոչ մի պարագայում մի՛ ուղարկեք Ձեր բանկային քարտի տվյալները, մոբայլ բանկինգ հավելվածի կամ կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, մի՛ տվեք հասանելիություն Ձեր էլ․փոստին, ինչպես նաև երբեք մի՛ տրամադրեք Ձեր հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը։ Եթե Ձեր հեռախոսահամարին նման կոդ եք ստացել, սակայն ոչ մի հարցում չեք կատարել, անպայման կապվե՛ք IDBank-ի կամ Idram-ի հետ։
  3. Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը կամ լուսանկարը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություն մի՛ ներմուծեք այնպիսի կայքերում և համակարգերում, որոնք սովորաբար չեն պահանջում նման մանրամասներ։ Հնարավոր է, որ կայքը կոտրված է և այլևս ապահով չէ։
  4. Բարեգործական հիմնադրամների և այլ դրամահավաքների փոխանցում կատարելիս մեծ ուշադրությամբ և մանրամասն կերպով ստուգե՛ք կայքի հասցեն․ սա պարտադիր է ֆիշինգից խուսափելու համար։ Նման դեպքերում պատրաստվում են հայտնի կայքերի կրկնօրինակներ, որոնք արտաքնապես ոչնչով չեն տարբերվում իրական կայքերից, իսկ հասցեում կարող է միայն մեկ տառ փոփոխված լինել․ լրացուցիչ զգուշությունը չի խանգարի։
  5. Թույլ մի՛ տվեք, որ Ձեր Idram դրամապանակից, բանկային քարտից կամ օնլայն/մոբայլ բանկինգի հաշվից փոխանցում կատարեն Ձեր փոխարեն, անգամ եթե փոխանցողը ծանոթ մարդ է։ Հնարավոր է, որ վերջինս ունի խնդիրներ, որոնց մասին Դուք տեղյակ չեք։
Հարգելի՛ հաճախորդներ, խնդրում և հորդորում ենք հնարավորինս զգույշ և ուշադիր լինել Ձեր հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակի օգտագործման հարցերում։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.09.2021 09:19
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт