Կորպորատիվ կառավարում

Կորպորատիվ կառավարումը IDBank-ում

IDBank-ի մոտեցումը կորպորատիվ կառավարմանը

IDBank-ում կորպորատիվ կառավարումը հիմնված է թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետ կառավարման սկզբունքների վրա։ Այն սահմանում է Բանկի բաժնետիրոջ, Խորհրդի, Գործադիր մարմնի, ինչպես նաև հաճախորդների և գործընկերների միջև փոխհարաբերությունների կառուցվածքը և սկզբունքները։

Բանկը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, շարունակաբար կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը: Այդ գործընթացի նպատակն է ապահովել բոլոր շահակիցների համար հավասար իրավունքներ և հնարավորություններ, ձևավորել Բանկի կայուն աճին միտված փոխգործակցություն բաժնետիրոջ, Խորհրդի և Գործադիր մարմնի միջև։

IDBank-ի կորպորատիվ կառավարման համակարգի շարունակական զարգացման համար հիմք են հանդիսանում ինչպես միջազգային լավագույն փորձը, այնպես էլ ստորև ներկայացված օրենսդրական ու Բանկի ներքին կարգավորումները՝ 

  • «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքները,
  • ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորումները, ինչպես նաև Բանկի ներքին հսկողական միջավայրի համար սահմանված պահանջները,
  • Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, որին համապատասխանությունը պարբերաբար վերանայվում և գնահատվում է,
  • Բանկի կանոնադրությունը և ներքին իրավական ակտերը՝ ներառյալ Խորհրդի և Խորհրդին կից կոմիտեների գործունեության կարգերը, 

Բանկի կորպորատիվ կառավարման մարմինները

 
Բանկի կորպորատիվ կառավարման մարմիններն են՝
  • Բանկի բաժնետերը, որն  իրականացնում է բաժնետերերի ընդհանուր ժողովի լիազորությունները,
  • Խորհուրդ, որն իրականացնում է Բանկի ընդհանուր ղեկավարումն իրեն վերապահված հարցերի սահմաններում։
  • Գործադիր մարմին՝ Վարչության նախագահ (միանձնյա մարմին) և Վարչություն (կոլեգիալ մարմին), որոնք համատեղ իրականացնում են  Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումը։

  • Բաժնետեր

IDBank-ի 100% բաժնետերն է «ԱյԴի Գրուփ» ՓԲԸ-ն։

  • Բանկի նշանակալից մասնակիցները

Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցներ՝

«ԱյԴի Գրուփ» փակ բաժնետիրական ընկերությունը տիրապետում է Բանկի կողմից թողարկված 679,437 հատ սովորական բաժնետոմսերին, որոնք կազմում են Բանկի կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) 100%-ը։ Բանկի կողմից թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերից ծագող իրավունքներն ամրագրված են Բանկի կանոնադրությամբ։

Բանկի անուղղակի նշանակալից մասնակիցներ՝

Բանկի անուղղակի նշանակալից մասնակից է համարվում Լալա Բախշեցյանը, որը տիրապետում է Բանկի միակ բաժնետեր «ԱյԴի Գրուփ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում համապատասխանաբար 72% և 7% մասնակցությամբ բաժնետերերի՝ DRIVELIO HOLDINGS LTD-ի և ՄՌՎ ՍՊԸ-ի 100% բաժնեմասերին։


  • Բանկի խորհուրդ 

Բանկի Խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ օրենքով և Բանկի կանոնադրությամբ Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում (տե՛ս կանոնադրությունը):

Խորհրդի անդամների նշանակումը (ընտրությունը) Բաժնետիրոջ կողմից կատարվում է մինչ Խորհրդի գործող անդամների լիազորությունների ժամկետի ավարտը, իսկ Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ ողջամիտ ժամկետում՝ այն հաշվով, որ ապահովվի Խորհրդի աշխատանքի անընդհատությունը։ 

Բանկի Խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են նվազագույնը մեկ տարի ժամկետով, վերընտրման իրավունքով:

Խորհրդի նախագահը պատասխանատու է Խորհրդի աշխատանքների կազմակերպման, Խորհրդի նիստերի գումարման, նիստերի արձանագրությունների վարման, Խորհրդին կից հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման համար:

  • Բանկի Վարչություն

Վարչության կազմը

Բանկի ընթացիկ գործունեությունը կառավարվում է Բանկի գործադիր մարմնի՝ Վարչության և Վարչության նախագահի կողմից։ Վարչության նախագահին և վերջինիս ներկայացմամբ Վարչության անդամներին նշանակում է Բանկի Խորհուրդը: Բանկի Վարչությունն ապահովում է Բանկի բաժնետիրոջ և Բանկի Խորհրդի որոշումների կատարումը, կազմակերպում և իրականացնում է Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ՝ ՀՀ օրենսդրությամբ, Բանկի կանոնադրությամբ, ինչպես նաև Խորհրդի կողմից ընդունված իրավական ակտերով Վարչությանը տրված լիազորությունների շրջանակում։ 

Վարչության որոշումներն ընդունվում են Վարչության նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Բանկի Վարչության նախագահը, որպես իր բացառիկ իրավասություն, ներկայացնում է Բանկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, Բանկի անունից կնքում է գործարքներ, գործում է Բանկի անունից առանց լիազորագրի:

Բանկի ներքին հսկողություն, ռիսկերի կառավարում և ներքին աուդիտ

Խորհրդին կից Ռիսկերի, ներքին աուդիտի և ներքին հսկողության կոմիտեն խորհրդատվական մարմին է, որի ստեղծման և գործունեության նպատակն է աջակցել Բանկի Խորհրդին՝ Բանկի ներքին հսկողական համակարգի , մասնավորապես՝ ռիսկերի կառավարման, համապատասխանության, ներքին վերահսկողության և ներքին աուդիտի համակարգերի նկատմամբ, հսկողական այլ հարցերի հետ կապված իր լիազորությունների և պարտականությունների կատարման հարցում։

Բանկի ներքին աուդիտի ծառայությունն իրականացնում է անկախ և անկողմնակալ գնահատման  գործունեություն, որն ուղղված է բանկի կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգերի և գործընթացների արդյունավետության բարձրացմանը և նպատակայնության ապահովմանը:  

Ներքին աուդիտի ծառայության ղեկավարը և անդամները նշանակվում են Բանկի Խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:

Գործարար էթիկա և վարքագծի կանոններ

Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ «Լինել առաջին ընտրության բանկ՝ ընդլայնում է իր հաճախորդների հնարավորությունները և առաջարկում է նրանց աճող կարիքներին համապատասխան նորարար լուծումներ»։ Պահպանելով իր արժեքները՝ Բանկը ձգտում է լինել վստահելի և կայուն գործընկեր իր հաճախորդների համար թվային և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նորարարական լուծումների կիրառմամբ։ Բանկի արժեքներն արտացոլում են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելով՝ իրականացվում է Բանկի առաքելությունը։ Վարքագծի կանոնները Բանկի արժեքները վերածում են վարքային չափանիշների, որոնք ուղղորդում են յուրաքանչյուր աշխատակցի գործողությունները, որոշումները և շահակիցների հետ հարաբերությունները։ 

Բանկը որդեգրել է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են․

1. Նորարարություն

Մենք միավորում ենք ֆինանսները և տեխնոլոգիաները՝  մեր հաճախորդների կյանքը հարստացնելով բարձրորակ, անվտանգ և նրանց աճող կարիքներին համապատասխան ծառայություններ՝ ստեղծելով նորարարական էկոհամակարգ։

2. Պատասխանատու և թափանցիկ վարվելակերպ

Ազնվությունը, թափանցիկությունը և ռիսկերի արդյունավետ կառավարումը մեր գործունեության կարևոր հիմքերն են։

3. Հաճախորդակենտրոն մոտեցում

Մեր գործունեության հիմքում հաճախորդն է։ Մենք կարևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի կարիքն, ուստի նրանց գոհունակությունն ու վստահությունը  մեր գործունեության առանցքն են։

4. Թիմ

Մեր հարստությունը մեր աշխատակիցներն են։ Բանկը խրախուսում է իր թիմին աշխատել ոգևորությամբ և լինել ստեղծարար՝ շարունակաբար զարգացնելով իրենց հմտությունները՝ հարգելով և գնահատելով յուրաքանչյուր անհատի առանձնահատկությունները՝ մտածելակերպը, ոճը, մշակույթը, էթնիկ պատկանելությունը և այլն։

5. Սոցիալական պատասխանատվություն

Կայուն զարգացման մեր  հանձնառությամբ մենք օգնում ենք նվազեցնել բնապահպանական և սոցիալական ռիսկերը՝  վստահ լինելով, որ մեր գործունեությունը երկարատև դրական ազդեցություն կթողնի  հասարակության  վրա։

Հաճախորդին առավելագույնս գոհացնելը, նրա համար հարմարավետ ու ապահով բանկային ծառայությունների գրավիչ պայմանների ստեղծումը և գերազանց փորձառության ապահովումը Բանկի կարևորագույն նպատակներից է։

   Նվերներ և արտոնություններ

Բանկի համար անընդունելի են որևէ մեկի օգտին որևէ գործողություն կատարելու համար նվերների ստացումը, տալ, խոստանալ կամ ընդունել կաշառք, տալ չարտոնված խոստումներ կամ ծառայությունների արտոնյալ պայմաններ։

   Գաղտնիություն

Բանկը, որպես վստահելի ֆինանսական կազմակերպություն, պարտավորվում է պաշտպանել իր հաճախորդների, աշխատակիցների, գործընկերների և երրորդ կողմերի գաղտնի տեղեկատվությունը։ Արգելվում է երրորդ անձանց հայտնել և/կամ հրապարակել բանկային, Բանկի առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ։

   Շահերի բախում

Բանկն իրականացնում է շահերի բախման վերացմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:

Բանկի աշխատակիցները պարտավորվում են Բանկի գործընկերներին և հաճախորդներին սպասարկելիս բացառել իրենց և իրենց ընտանիքի անդամների շահագրգռվածությունը։ Բանկի աշխատակիցները պարտավոր են առաջնային դասել Բանկի օրինական շահերը:


Հաղորդակցման և ինֆորմացիոն քաղաքականություն

Բանկը իր հաճախորդների և այլ շահակիցների հետ հաղորդակցվում է պաշտոնական կայքի, բջջային հավելվածի, սոցիալական մեդիայի պաշտոնական էջերի, մամուլի, հաղորդակցության ուղիղ ալիքների, ինչպես նաև տեղեկագրերի և թռուցիկների միջոցով։

Բանկը որդեգրել է տեղեկատվության հրապարակման հետևյալ սկզբունքները՝ 

1) Արժանահավատություն՝ Բացահայտվող տեղեկատվությունը պետք է լինի հուսալի, ճշգրիտ և ստուգված,

2) Բարեխղճություն՝ Բացահայտվող տեղեկատվությունը պետք է ներկայացվի հնարավորինս ամբողջական՝ չխախտելով գաղտնիությունն ապահովող օրենսդրական ակտերի պահանջները,

3) Ամբողջականություն՝ Բանկի ֆինանսական վիճակի և այլ ցուցանիշների վերաբերյալ բացահայտվող տեղեկատվությունը պետք է լինի բավարար տեղեկացված որոշում կայացնելու համար,

4) Համապատասխանություն՝ Տեղեկատվության բացահայտումը պետք է կատարվի ժամանակին՝ ՀՀ օրենսդրությանը, ներքին իրավական ակտերին և անհրաժեշտության դեպքում՝ նաև միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան,

5) Կանոնավորություն՝ Բանկը իր գործունեության էական զարգացումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակի շարունակական և պարբերական հիմունքներով,

6) Համադրելիություն՝  Բանկի կողմից տարբեր ժամանակահատվածներում բացահայտվող տվյալները պետք է համադրելի լինեն, որպեսզի ապահովեն արդյունքների համեմատելիությունը,

7) Հավասարակշռվածություն՝ Բանկի կողմից պետք է հրապարակվի ոչ միայն դրական, այլ նաև բացասական տեղեկատվությունը՝ ապահովելով թափանցիկություն և չվնասելով առևտրային շահերը,

8) Նույնականություն՝ Բանկի կողմից բոլոր հարթակներում բացահայտված միևնույն իրադարձությունը կամ տեղեկատվությունը պետք է լինի նույնական,

9) Չեզոքություն՝ Բանկի կողմից բացահայտվող տեղեկատվությունը պետք է ներկայացվի այնպես, որ բացառված լինեն առանձին շահերին նախապատվություն տալու և/կամ կանխակալ վերաբերմունքի ձևավորումը փաստող նախադեպերը,

10) Պարզություն՝ բացահայտվող տեղեկատվությունը մատուցվում է պարզ, հասկանալի և մատչելի լեզվով։ Տեքստը կազմվում է պարզ և հասկանալի ձևակերպումներով առանց խիստ մասնագիտական կամ բարդ տեխնիկական եզրաբանության։


Կորպորատիվ կառավարմանն առնչվող հիմնական փաստաթղթեր և հղումներ   


© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 05.05.2026 11:38
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт