2023թ․ տարածված մասնագիտությունները
Մասնագիտական ուղղվածություն ընտրելիս մարդիկ հաշվի են առնում մի շարք հանգամանքներ՝ սկսած ֆինանսական փոխհատուցումից մինչև կարիերայի աճի հնարավորություն իրենց երկրում, աշխատատեղերի քանակ և շատ ավելին։ Այստեղ փորձել ենք հավաքել մի քանի ուղղություն, որոնք, կարծես թե, ամենատարածվածն են Հայաստանում 2023 թվականին։ Դե ինչ, սկսեցինք։

Ինտերնետ մարքեթինգ

Ինտերնետ մարքեթինգն այնքան լայն հասկացություն է, որ այս ուղղության ամենատարածված մասնագիտությունները որոշեցինք ներառել մի բաժնում։ Միջազգային շուկայում այս ուղղության տակ ներառում են մի շարք նեղ մասնագիտություններ՝ մարքեթոլոգներին, SMM-մասնագետներին, քոփիրայթերներին, գրաֆիկ դիզայներներին, տվյալների վերլուծաբաններին, SEO-մասնագետներին։

Չնայած կարիք չկա առանձին-առանձին մանրամասնելու, թե ինչով են զբաղվում նշված մասնագետները (դա հեշտությամբ կարելի է «գուգլել»), այնուամենայնիվ, կարելի է նշել, որ նրանք բոլորով միասին ապահովում են մեծ ու փոքր բիզնեսների, նախաձեռնությունների կայուն աճը թվային գործիքների միջոցով։

Տվյալների հսկայական բազաները ճկուն վերլուծելուց ու արժեքավոր եզրակացություններ անելուց սկսած մինչև համացանցում որակյալ գրավոր ու վիզուալ բովանդակություն ստեղծելը, նշվածները բոլորն էլ խիստ պահանջված մասնագիտություններ են մեր օրերում։ Մնում է միայն իսկապես շատ սիրել մասնագիտական սեփական ուղղությունը և պատրաստ լինել ուժեղ մրցակցության։

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Նույնիսկ չգիտենք՝ ինչքանով է տեղին այս ուղղությունը «տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանել, բայց այսպես շատ ավելի լավ է, քան եթե ուղղությունն անվանեինք «ծրագրավորում»։ Չնայած նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները ենթադրում են մասնագիտական ուղղությունների շատ ավելի լայն շրջանակ, այնուամենայնիվ, պիտի նշենք դրանցից ամենահայտնիները՝ վեբ ծրագրավորում, մեքենայական ուսուցում, որակի ապահովում, և շատ ավելին։

Իհարկե, ՏՏ ոլորտը Հայաստանում ունի բարձր աշխատավարձի և շռայլ արտոնությունների համբավ, բայց քչերն են պատկերացնում, որ «դափնիներին» հասնելու ճանապարհին անքուն գիշերներն անպակաս են։ Բացի այդ՝ արդար կլինի նաև նշել, որ մրցակցությունը վերջին տարիներին պարզապես ֆանտաստիկ մակարդակի է, և «ոլորտ մտնել» օբյեկտիվորեն շատ բարդ է։ Տրամաբանական է, իհարկե, որովհետև այս կարևորության ոլորտում պիտի իրենց տեղը գտնեն միայն բանիմաց մասնագետները և ամուր նյարդային համակարգով մարդիկ, որոնք պատրաստ են աշխատանքի լավ փոխհատուցումը վայելելուց բացի նաև տիտանական ջանքեր ներդնել աշխատանքի իրենց կտորի վրա։


Նախագծերի ղեկավարում

Թարգմանությունը օտար է հնչում, բայց սա հենց բոլորին լավ ծանոթ Project management-ն է։ Ու եթե դեռ լավ չեք պատկերացնում, թե ինչ է անում նախագծերի ղեկավարը կամ մենեջերը, ապա ասենք, որ նա ամենակարևոր ու որոշիչ մարդն է ցանկացած տեսակի նախագծի՝ իրականություն դառնալու ողջ ընթացքում։

Նախագծերի ղեկավարը հսկում և կառավարում է նախագծի ամբողջ գործընթացը՝ հաճախ մտքի գեներացումից, մասնագետներ ընտրելուց մինչև առկա անհրաժեշտ մասնագետների աշխատանքի համակարգում, աշխատանքի ճիշտ բաժանում, արված գործի հսկողություն, արդյունքների ամփոփում, ընթացիկ փոփոխությունների իրականացում, և, իհարկե, նախագծի վերջնական մեկնարկ ու իրականացում։ Այս հաստիքի մարդիկ միշտ «խառն են», բոլորին «բզում են, որ գործ անեն», բայց առանց նրանց ժամանակակից աշխարհում այլևս անհնար է։

Վաճառքներ

Վերջինը հերթականությամբ, բայց ոչ կարևորությամբ․ վաճառքի մենեջերը ցանկացած ուղղության բիզնեսի դեմքն է ու հաջողության գրավականը։ Լինի դա ֆիզիկական որևէ ապրանքի արտադրությամբ և/կամ վաճառքով զբաղվող ընկերություն, թե տարատեսակ ծառայություններ մատուցող բիզնես, վաճառքի մենեջերներն այն մասնագետներն են, որոնք համաձայնեցված կերպով ճիշտ լույսի ներքո ներկայացնում են պրոդուկտը հաճախորդներին՝ բացատրելով, թե ինչու վերջիններս «չեն կարող ապրել առանց դրա»։

Չնայած շատերը կարծում են, որ վաճառքի մենեջերների գործում չափազանցության մեծ տոկոս կա, պիտի նշենք, որ սա այդքան էլ արդար մոտեցում չէ։ Վաճառքի մենեջերները ոչ թե ուռճացնում են ու չափազանցնում, այլ ցույց են տալիս «ապրանքը» այն կողմից, որ կողմից որ այն հետաքրքրում է գնորդին։ Վստահեցնում ենք, որ վաճառքի մենեջերների կարևորությունը գնալով աճելու է մեր երկրում, որովհետև բիզնեսի աշխարհում պետք է կարողանալ վաճառել։

Եթե կարդացիք մինչև վերջ, բայց չտեսաք ձեր երազանքների կամ արդեն ձեռք բերած մասնագիտությունը, մի՛ հուսահատվեք, որովհետև մենք ընդամենը թվարկել ենք մեր օրերում ամենահայտնի ու տարածված մասնագիտություններից չորսը։ Ցանկացած մասնագիտության մեջ կան աճի և հաջողության մեծագույն հնարավորություններ․ ձեզնից հասնում է շատ սիրել մասնագիտությունը, կանգ չառնել տեղում, միշտ փնտրել աճի հնարավորություններ և ճիշտ ներկայացնել ձեզ։



Այստեղ թողնում ենք IDBank-ի ու Staff.am-ի համատեղ նախագիծը․ հոլովակն այն մասին է, որ ինչով էլ զբաղվեք, ինչ մասնագիտություն էլ ունենաք, ձեր երեխաները միշտ ձեզ տեսնելու են կարմիր թիկնոցով հերոսի կերպարում՝ վստահ լինելով, որ դուք աշխարհի ամենալավ մասնագետն եք։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 11.08.2023 03:40
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт