Անելիք Բանկը հայտարարում է պարտատոմսերի հոբելյանական՝ 5-րդ տրանշի մասին։
Անելիք Բանկը թողարկում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի՝ հոբելյանական 5-րդ տրանշը` ԱՄՆ դոլարով և 5.75% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:
Հինգերորդ թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:
«Արդեն հինգերորդ և Բանկի համար պարտատոմսերի այս հոբելյանական թողարկումը պայմանավորված է մեր հաճախորդների կողմից ցուցաբերված բարձր պահանջարկով և Բանկի հանդեպ մեծ վստահությամբ։ Այս թողարկման համար նույնպես Բանկը որևէ սահմանափակումներ չի դնում և պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երևանում և մարզերում։»,- ասել է Անելիք Բանկի Վարչության նախագահի ժ/պ, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:
«Պարտատոմսերի թողարկումը սկսել ենք տարեսկզբից՝ փորձելով դասական դարձած ավանդին զուգահեռ աշխուժություն մտցնել նաեւ այլ, ավելի ճկուն եւ, հաճախորդի տեսանկյունից՝ ավելի գրավիչ պրոդուկտի մասով: Այն հետաքրքիր գործիք է ոչ միայն հաճախորդների, այլեւ բանկի համար, եւ մենք շարունակելու ենք պարտատոմսերի թողարկման մեր ծրագիրը»,- ասել է Անելիք Բանկի Ներդրումային եւ հատուկ ծրագրերի զարգացման վարչության պետ Կարեն Նալբանդյանը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը եւս կարեւորել է բանկի դերը պարտատոմսերի շուկայի ակտիվացման հարցում:
«Մենք ողջունում ենք Անելիք Բանկի՝ պարտատոմսերի շուկայում ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությունը: Որքան շատ լինեն թողարկումները, այնքան դրանք ավելի մասսայական կդառնան, եւ մեր ներդրողներն այլընտրանքային ներդրումային հնարավորություններ կունենան: Մենք շարունակելու ենք աջակցել շուկայի զարգացմանը՝ ողջունելով նոր ընկերությունների մուտքը շուկա եւ խրախուսելով արդեն գործողների թողարկումները»,- ընդգծել է Կարեն Զաքարյանը:
«Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանն էլ նշել է, որ Անելիք Բանկը շուկայում գործող ակտիվ թողարկողներից է:
«Անելիք Բանկի թողարկումները կարեւոր դեր ունեն մեր արժեթղթերի շուկայի զարգացման տեսանկյունից: Այս տարի բորսայում պարտատոմսերով շուրջ $20 մլն-ի գործարք է իրականացվել, եւ որի 12%-ը բաժին է ընկել միայն Անելիք Բանկին. սա բավական բարձր ցուցանիշ է»,- ընդգծել է Արամ Կայֆաջյանը:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկը սկսեց պարտատոմսերի թողարկումները 2016թ․ դեկտեմբերից և արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 4 տրանշ ընդհանուր՝ 15 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են նշված ժամանակահատվածից շուտ: