Անելիք Բանկը գործարկել է պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիրը։ Ապրիլի 11-ին «Տիգրան Մեծ» մասնաճյուղում առաջին հաճախորդները հնարավորություն ստացան օգտվել պետական մի շարք ծառայություններից՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ և այլ տեղեկանքներ:
Համատեղ ծրագրի մեկնարկը հայտարարեցին ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը և այլ պաշտոնատար անձիք:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ կարևորելով ծրագրի գործարկումը Անելիք Բանկում, նշեց, որ միասնական ծրագրի նպատակն է քաղաքացիների համար առավել մատչելի դարձնել այն ծառայությունները, որոնք մատուցում են տարբեր պետական մարմինները։ Նախարարը հավելեց, որ ծրագրի շնորհիվ ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում իրենց համար նախընտրելի վայրից ստանալ ծառայությունները՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները:
Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ Բանկը՝ մշտապես ընդլայնելով և կատարելագործելով մատուցվող ծառայություններն ու սպասարկման բարձր որակը, կիրառելու է այդ մոտեցումը նաև պետական համատեղ ծրագրի ոլորտում։ Ապագայում Անելիք Բանկի հաճախորդներն անգամ կկարողանան բանկ հաճախելուց մեկ օր առաջ՝ հեռախոսով, պատվիրել իրենց հարկավոր փաստաթղթերը։ Նաև նշվեց, որ պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիրը մինչև ապրիլի վերջ կգործարկվի Բանկի երևանյան մասնաճյուղերում, իսկ մինչև մայիսի ավարտը նախատեսվում է ծրագիրը գործարկումը նաև Երևանից դուրս գտնվող մասնաճյուղերում:

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт