«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում 50 աշակերտի համակարգիչներ տրամադրվեցին

Ամեն ինչ սկսվեց մի դրամից․ IDBank-ն ու Idram-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը։

Ինչպես և հայտարարել էին, հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, Բանկի և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են նախաձեռնությանը։

Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով Տավուշի և Լոռու սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ հեռավար կրթությունը շարունակելու համար։ Ընդ որում IDBank-ը հավելյալ գումար է հատկացրել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ձեռք բերել ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներին համապատասխան 50 համակարգիչ։

Բարեգործության միջազգային օրը ընկերության ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի խոսքով՝ սա մեծ ներդրում է ապագայի մեջ․  «Յուրաքանչյուր ներդրում հանրակրթության մեջ մեծ արդյունքով հետ է վերադառնալու: Այնպես որ հնարավոր է, որ դուք հիմա օգնում եք մի աշակերտի, որը մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Արտաշես Թորոսյանը։

Համակարգիչների մյուս մասը տրամադրվել է Լոռու մազի լեռնային գյուղերի երեխաներին:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ղեկավար Ռաֆայել Հարությունյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում համակարգիչները տրամադրվելու են այն երեխաներին, ովքեր տարին հեռավար են սկսելու։ «Այս պահին մենք կարիքների գնահատում ենք իրականացրել և պարզել, որ լեռնային գյուղերից 37 երեխա դպրոց չի հաճախելու, սակայն հեռավար դասերին մասնակցելու համար էլ չունեն համապատասխան սարքեր։ Այժմ արդեն դպրոցների միջոցով սարքերը կտրամադրվեն շահառու աշակերտներին և դրանով կապահովվի նրանց կրթության անընդհատությունը», - ասել է Ռաֆայել Հարությունյանը:

Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով ընկերությունում հատկապես ուրախ են, որ համակարգիչները ստացան այն երեխաները, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն։ «Փաստացի մենք սրանով կարողանում ենք ապահովել այդ երեխաների կրթության շարունակականությունը։ Սա երկու ընկերությունների նախաձեռնությամբ, բայց հազարավոր հաճախորդների բարի կամքով ձեռք բերված արդյունք է, ինչի համար հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին»,- ասել է Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է։ «Առաջին ծրագիրն արդեն իրականություն է, և մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է, որովհետև բնապահպանական ուղղվածություն ունի․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծիեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,-ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերությունները կոչ են անում շարունակել վճարումները կատարել Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով և հիշեցնում, որ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт