Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք․«Մի դրամի ուժը» ամփոփեց երկրորդ ծրագիրը
Ամփոփվել է IDBank-ի և Idram-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության երկրորդ փուլը, որի շրջանակում կուտակված գումարն ուղղվելու է Համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ի սկզբանե հայտարարվել էր, որ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ը կուտակված մի դրամների ողջ գումարը, որը կազմում է մոտ 2․521․255 դրամ, պետք է ուղղվեր Ծիծեռնակաբերդի շրջակայքում Armenia tree project ընկերության հետ համատեղ ծառատունկի իրականացմանը։

«Սակայն հիմա, երբ նժարին դրված է մեր զինծառայողների, առաջնագծում կռվող հերոսների, սահմանամերձ հերոս բնակչության կյանքը, մենք Idram-ի եւ ATP-ի մեր գործընկերների հետ որոշեցինք գումարը փոխանցել Համահայկական հիմնադրամին եւ տնկել 29 ծառ, որովհետև մեր հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, 29 տարեկան է։ Ու քանի որ ծառը կյանքի խորհրդանիշ է, մենք պարզապես վստահ ենք, որ Արցախը որպես անկախ պետություն դեռ երկար տարիներ է ապրելու, մեծանալու է, զորանալու, ճյուղերը սփռելու է իր շուրջն ու ամուր արմատներ ձգի։ Այս ծառերը, որ մոտ օրերս տնկելու ենք, հենց Արցախի ամրության, զարգացման, ծաղկունքի խորհրդանիշը թող լինեն։ Այլ տարբերակ լինել չի կարող, մենք հաղթելու ենք»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Idram-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով` «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ ծրագիրը նույնպես կոչված է լինելու օգնելու Արցախին։

«Հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամների» ողջ գումարը նույնպես կուղղվի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։ Հիշեցնեմ՝ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները 1 դրամ կփոխանցեն նախաձեռնությանը»,- ասել է Գոռ Ամիրյանը

Ընկերությունների ներկայացուցիչները եւս մեկ անգամ շեշտել են՝ մեր ուժը մեր միասնության մեջ է․ «մի դրամներով» հնարավորություն ունենք մեծ գործեր անելու՝ մի դրամ անգամ ավել չծախսելով, պարզապես վճարումներ կատարելով Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram-ի եւ Բանկի տերմինալներով։

Idram հավելվածով կարելի է նաեւ ուղիղ նվիրատվություն կատարել Համահայկական հիմնադրամին՝ գլխավոր էջից ընտրելով «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կոճակը, պարզապես անհրաժեշտ է թարմացնել հավելվածը։  Բանկի եւ Idram-ի տերմինալների միջոցով եւս հնարավոր է գումար փոխանցել՝ ընտրելով Հայաստան Համահայկական հիմնադրամ կոճակը։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Ընկերեւթյունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 22.09.2021 02:09
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт