Մի դարձեք խաբեության զոհ, եղե՛ք զգոն և իրազեկված
Facebook Messenger, Instagram, Telegram և այլ սոցիալական հարթակներով կամ List.am կայքով․
- Ստացել եք աշխատանքի գրավիչ առաջարկ՝ հեշտությամբ 1 օրում վաստակել օրինակ 50-300$,
- Դարձել եք Facebook-յան խաղարկություններից մեկի հաջողակ հաղթողը,
- Messenger-ով Ձեր ընկերներից մեկը գրել է շտապ իրեն գումարով օգնելու մասին նամակ,
- Ձեզ առաջարկել են գնել crypto արժույթ՝ բարձր եկամտաբերություն ստանալու խոստումով,
- List.am կայքում տեղադրել եք հայտարարություն և «պոտենցիալ» գնորդը կապ է հաստատել Ձեզ հետ Whatsapp կամ այլ հավելվածի միջոցով՝ շատ հաճախ առանց ապրանքը տեսնելու Ձեզ առաջարկել է ուղարկել Haypost.am կամ նմանատիպ այլ կայքէջի կեղծ հղում` Ձեր կողմից վաճառվող ապրանքի գումարը բանկային քարտին փոխանցելու և առաքում կազմակերպելու նպատակով
Առաջարկը գրավիչ է կամ չեք կասկածում, որ այն իրական է և`
- Գրանցում եք քարտային տվյալները այդ թվացյալ շահումը կամ վարձատրությունը ստանալու համար, կամ
- Կատարում եք քարտային փոխանցում Ձեզ messenger-ով օգնության դիմած «ընկերոջը», կամ
- List.am կայքում Ձեր կողմից վաճառվող ապրանքի գումարը ստանալու նպատակով անցնում եք Ձեզ ուղարկված հղումով և լրացնում եք Ձեր բանկային քարտի ամբողջական տվյալները։
Արդյունքում կորցնում եք Ձեր ֆինանսական միջոցները և դառնում խաբեության զոհ։
Միշտ հիշե՛ք․
1. Քարտին փոխանցում ստանալու նպատակով բավարար է տրամադրել միայն քարտի համարը, երբեք չի պահանջվում անցնել ինչ-որ հղումով և լրացնել․
- Քարտի հակառակ կողմում գրված CVV կոդը,
- Քարտի վավերականության ժամկետը,
- Բջջային հեռախոսահամարին ուղարկվող մեկանգամյա ստուգիչ կոդը,
2. Զանգահարեք ընկերոջը՝ ճշտելու արդյոք գումար խնդրելու պահանջը իրական է։
3. Զգուշացե՜ք չլիցենզավորված մատակարարներից crypto արժույթ ձեռք բերելիս։
Եթե քարտի տվյալներն այնուամենայնիվ հայտնի են դարձել այլ անձանց, ապա անմիջապես զանգահարեք «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի շուրջօրյա գործող (+374 10) 59 33 33 հեռախոսահամարով՝ Ձեր քարտը բլոկավորելու նպատակով։
Կանխարգելե՛նք զեղծարարության տարածումը միասին։