Մի դրամի ուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին

IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը և 8․057․944 ՀՀ դրամ փոխանցվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը կազմակերպում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն արտերկրում։

Գումարը տրամադրել են ընկերությունները՝ Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցելով 1 դրամ։

Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ նախագիծը բարձրացրել է նաև երկու ընկերությունների հաճախորդների սոցիալական պատասխանատվության գիտակցությունը․ «Մենք հատկապես ուրախ ենք, որ մեր հաճախորդներից ստանում ենք այն արձագանքը, որ Իդրամով վճարումները նախընտրում են ոչ միայն արագության և հարմարավետության հաշվին, այլ նաև այն գիտակցության, որ իրենց այդ վճարման դիմաց մենք 1 դրամ ենք փոխանցելու բարեգործական նպատակով»,- ասել է Գոռ Ամիրյանը։

Արդեն հայտնի է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն․ ընկերություններից հայտնում են, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը կուղղվի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builders» ծրագրին։

«Մեր դպրոցական համայնքերում առկա ներուժի բացահայտման համատեքստում մեծապես կարևորում եմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և IDBank-ի համագործակցությունը։ Սույնով IDBank-ը միանում է մեր «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով մեր հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված մեր Ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով»,- նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է Բանկի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից։ «Մեր գլխավոր նպատակներից մեկն է ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթական հավասարության ապահովման, որակի բարելավման, կրթության շարունակականության ապահովման գործընթացներում։ Մենք ցանկանում ենք մեր լուման ունենալ ապագա սերնդի կայացման գործում, և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ գործակցությունը դրա վառ ապացույցն է։ Վստահ ենք, որ մեր օգտատերերը, հաճախորդները, ինչպես միշտ, մեծ ակտիվությամբ կշարունակեն վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով և կրկին կդառնան բարի կամքի դեսպան», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և մինչև օրս իրականացրել է 7 ծրագիր՝ տարբեր կազմակերպությունների ուղղելով ավելի քան 45 մլն ՀՀ դրամ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 18.11.2021 11:35
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт