IDBank-ը Առևտրի միջազգային պալատի անդամ
IDBank-ը` ՀՀ բանկային համակարգում առաջինը պաշտոնապես անդամակցեց Առևտրի միջազգային պալատին (ԱՄՊ) / International Chamber of Commerce (ICC)՝ դառնալով ICC Հայաստանի ազգային կոմիտեի (ICC National Committee Armenia – ICC NCA) անդամ։ Առևտրի միջազգային պալատին անդամակցությունը հնարավորություն է տալիս IDBank-ի փորձագետներին ներգրավվել ICC Բանկային հանձնաժողովի (ICC Banking Commission) կազմում, մասնակցել ICC միջազգային աշխատանքային խմբերի գործունեությանը, որոնք ձևավորում են բանկային նորարարական լավագույն գործիքների և լուծումների վերաբերյալ առաջարկներ և խորհրդատվություն։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներկայացված էր ICC Բանկային հանձնաժողովի հոբելյանական՝ ICC 100-ամյակին նվիրված տարեկան Համաժողովին՝ ի դեմս ICC Բանկային հանձնաժողովի անդամ, IDBank-ի Առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Իննեսա Ամիրբեկյանի, ով հանդես եկավ որպես ICC բանկային երաշխիքների, առևտրի ֆինանսավորման թվայնացման և այլ աշխատանքային խմբերի դիտորդ անդամ։ Պեկինում կայացած համաժողովին ներկա էր 59 երկրի ավելի քան 700 պատվիրակ։ «ICC անդամակցության շրջանակում առաջատար միջազգային փորձագետների հետ համագործակցությունը թույլ կտա մեզ մշակել նոր մրցակցային բանկային պրոդուկտներ և ապահովել միջազգային առևտրային գործունեություն իրականացնող հաճախորդներին տրամադրվող ծառայությունների առավել բարձր մակարդակ», - ասել է IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը: «Մենք ողջունում ենք IDBank-ին՝ որպես ICC Հայաստանի ազգային կոմիտեի անդամ։ Համոզված ենք, որ IDBank-ի հետ համագործակցությունը կնպաստի միջազգային առևտրի բնագավառում ներգրավված փորձագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու լավագույն փորձի արդյունավետ օգտագործմանը։ Դա իր հերթին դրական ազդեցություն կունենա այդ ոլորտում բանկերի և հաճախորդների համագործակցության վրա», - ասել է ICC Հայաստանի ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Ռաֆֆի Սեմերջյանը: Առևտրի միջազգային պալատի (ICC) մասին՝ Առևտրի միջազգային պալատը աշխարհի խոշորագույն կազմակերպություն է, որը նպաստում է միջազգային առևտրի զարգացմանը, բիզնեսի պատշաճ ղեկավարմանը, միջազգային գործարար միջավայրի և հաղորդակցման ուղիների ստեղծմանը` մեծացնելու կայուն աճը ի շահ բոլորին։ ԱՄՊ–ն ունի հարյուր հազարավոր անդամներ ավելի քան 130 երկրներում և սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՀԿ, Համաշխարհային բանկը, ՎԶԵԲ-ը, հանդես գալով բիզնեսի շահերն արտահայտող խորհրդատվական մարմին։ ԱՄՊ Հայաստանի Ազգային կոմիտեն պաշտոնապես գրանցվել է 2018 թ.–ի մայիսին և ակտիվորեն մասնակցում է Առևտրի միջազգային պալատի բոլոր նախաձեռնություններին:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт