IDBank-ն ամփոփել է 2019 թ․ առաջին կիսամյակը՝ գրանցելով էական առաջընթաց գրեթե բոլոր ուղղություններով
Ֆինանսական ցուցանիշների ամփոփումն առիթ է խոսելու Բանկի նվաճումների մասին։ Որքանո՞վ է IDBank-ն իրագործել նախատեսված ծրագրերն ու ի՞նչ արդյունքներով է ամփոփել կիսամյակը։ Մինչ ֆինանսական ցուցանիշների մասին խոսելը նախ նշեմ, որ IDBank-ի համար 2019 թվականը առաջընթացի և նորությունների տարի է․ այն, ինչ արել ենք առաջին կիսամյակում, միայն հիմքն է երկրորդ կիսամյակի զարգացման։ Ինչ վերաբերում է ֆինանսական ցուցանիշներին, ապա 2019-ի առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է շուրջ 1.53 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթ ։ Ունենք ակտիվների աճ 14%, իսկ վարկային պորտֆելն աճել է 15%-ով, ժամկետային և ցպահանջ պարտավորությունները՝ 15%-ով։ Սրանք պարզապես թվեր չեն, իհարկե, դրանք խոսում են հաճախորդների՝ IDBank-ի նկատմամբ վստահության աճի մասին։ Բանկն իր գործունեությամբ ստեղծում է մթնոլորտ, որը հաճախորդներին տալիս է ապագայի նկատմամբ վստահություն և հավատ, որ ընտրել են ճիշտ ֆինանսական գործընկերոջ։ Դա էլ իր հերթին անդրադառնում է Բանկի գործունեության վրա՝ միայն դրական առումով, իհարկե։ Նշեմ նաև, որ Բանկը ըստ կապիտալի համարժեքոթյան նորմատիվի, որը կազմում է 30% (մինիմալ 12%-ի փոխարեն) զբաղեցնում է առաջատար դիրքեր բանկային համակարգում և այս ամենը խոսում է Բանկի կայունության մասին, ինչը առաջնային է ներդրողների, ավանդատուների համար։ Նշեցիք, որ աճել է վարկային պորտֆելը, իսկ ինչպիսի՞ն է պորտֆելի կառուցվածքը, և ինչ վարկային քաղաքականություն է նախատեսում Բանկը երկրորդ կիսամյակում։ Վարկային պորտֆելն, ինչպես նշեցի, աճել է 15%-ով, ավելացել է մանրածախ վարկավորումը՝ 26%-ով, այդ թվում հիփոթեքային վարկերի պորտֆելը աճել է շուրջ 60% կամ 3,6 մլրդ ՀՀ դրամ-ով, հասնելով 9,5 մլրդ ՀՀ դրամի, ինչը աննախադեպ աճ է։ Դա IDBank-ի կողմից մրցունակ վարկային պրոդուկտների մշակման արդյունք է։ IDBank-ը տրամադրում է մինչև 20 տարի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր, հնարավորություն է տալիս բնակարան ձեռք բերել անգամ առանց կանխավճարի։ Մեր առաջարկներն ամենամրցունակներից են շուկայում, ինչն էլ ապահովում է հաճախորդների հոսքը։ Ի դեպ, 2019-ի առաջին կիսամյակում արձանագրվել է նաև հաճախորդների թվի աճ ՝ 11 %-ով։ Հաճախորդների առանձնահատուկ ակտիվություն նկատվեց հատկապես Բանկի կողմից քարտային հետաքրքրիր նոր պրոդուկտների ներդրման արդյունքում։ Մասնավորապես, IDBank-ն առաջարկում է քարտատեսակներ, որոնք տալիս են մի կողմից խնայելու, մյուս կողմից շահավետ ծախսելու հնարավորություն, մեր քարտերն ապահովում են անկանխիկ գործարքներից քեշբեք, դրական մնացորդին եկամուտներ և այլ արտոնություններ։ Մենք աշխատում ենք պրոդուկտների հարմարավետության, մատչելիության վրա՝ հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող վարկատեսակներ առաջարկելու համար։ IDBank-ն այն փոքրաթիվ բանկերից էր, որ երկարաձգեց անհուսալի վարկերի գծով տույժ-տուգանքների ներման գործընթացը։ Ի՞նչ չափորոշիչներով է Բանկը հաշտություն կնքել հաճախորդների հետ, ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Կառավարության այդ որոշումը ողջունելի է, և շատ դրական է անդրադարձել բանկային համակարգի վրա։ 2018թ․ հուլիսից մինչև 2019-ի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, կնքվել է հաշտության 1212 համաձայնագիր, իսկ 194 վարկ տույժերի զիջման արդյունքում ամբողջովին մարվել է։ Դա նշանակում է, որ 1,212 վարկառու նոր հնարավորություն ստացավ սպասարկելու իրենց վարկերը՝ կերտելով նոր վարկային պատմություն։ Նշված գործարքների արդյունքում Բանկը արդեն իսկ զիջել է ավելի քան 1,5 մլրդ ՀՀ դրամ տույժեր։ Ուրախությամբ կարող եմ փաստել նաև, որ վարկառուների մեծամասնությունը դարձել է շատ բարեխիղճ, տույժերի զիջումից հետո նրանք կատարում են վճարումներն առանց ուշացումների։ Դա խոսում է այն մասին, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել՝ երկարաձգելով անհուսալի վարկերի գծով տույժ-տուգանքների ներման գործընթացը։ Մենք վստահ ենք, որ քաղաքացիների վարկային բեռը թեթևացնելը միայն և միայն դրական ազդեցություն է ունենում թե հաճախորդների, թե բանկային համակարգի վրա․ բացի այն, որ լուծվում է սոցիալական խնդիր, վերականգնվում է կապը բանկերի և հաճախորդի միջև, վերականգնվում է վստահությունը բանկային համակարգի նկատմամբ։ Գիտակցելով դա՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Բանկը վճարունակության հետ կապված խնդիրներ ունեցող հաճախորդներին ողջամիտ չափով զիջման քաղաքականություն է վարում։ Խոսեցիք սոցիալական խնդիրների լուծման մասին․ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ի՞նչ ծրագրեր է իրականացնում Բանկը, ո՞րն է հիմնական ուղղությունը։ Բանկը մեծապես կարևորում է իր մասնակցությունը երկրի սոցիալական խնդիրների լուծման գործում։ Մենք, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանավություն ստանձնող կազմակերպություն, որպես հիմնական ուղղություն վերցրել ենք կրթությունը։ Այս պահին գործող ծրագրերից կարող եմ առանձնացնել «IDBank-ի անվան կրթաթոշակ ծրագիրը», որի շնորհիվ 5 ուսանող ստացավ 1-ական մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար։ Առհասարակ, մենք ուսանողների կողքին ենք․ աշխատանքային փորձ չունեցող ուսանողները կարող են մասնակցել Բանկի կողմից կազմակերպվող «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրին և անցնելով երկամսյա դասընթաց՝ այնուհետև դառնալ IDBank-ի աշխատակից։ Այս ծրագրի առաջին փուլով արդեն իսկ Բանկում աշխատող ուսանողներ ունենք, երկրորդ փուլի մեկնարկը տրված է։ World Vision ընկերության հետ համատեղ հայտարարել ենք «Դպրոցի ճամփան» արշավը, որը նպատակ ունի անհրաժեշտ հագուստ և գրենական պիտույքներ տրամադրել անապահով ընտանիքների երեխաներին։ IDBank-ն անմասն չի մնում նաև առողջապահական ծրագրերին մասնակցությունից, մենք օժանդակում ենք զանազան ֆոնդերի, որոնք ծանր կացության մեջ հայտնված երեխաների և ընտանիքների կողքին են, օգնում են հաղթահարել առողջության հետ կապված խնդիրներ, որոնց լուծումը հասու չէ միջին վիճակագրական ընտանիքին։ Թվարկածներս միայն մի մասն են Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի, որոնք շարունակական բնույթ են կրելու։ Մենք նպատակ ունենք ընդլայնել ծրագրերի ուղղություններն ու դրանց շահառուների շրջանակը։ Ռեբրենդինգից անցել է ընդամենը 1 տարի, բայց չմոռանանք, որ շուտով Բանկը բոլորելու է 30 տարին։ Դուք ֆինանսական ղեկին եք արդեն 5 տարի։ Ֆինանսական ո՞ր նվաճումներն են Ձեզ համար այս տարիների ընթացքում եղել հպարտանալու առիթ, և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։ Բանկն իսկապես ընդամենը 1 տարի է, ինչ գործում է նոր բրենդի ներքո, բայց մենք գրեթե 30 տարվա տարատեսակ իրադարձություններով լի պատմություն ունենք։ Բանկը անցել է նաև մի ժամանակաշրջան, երբ մի քանի տարի վնասով է աշխատել․ մեր կողմից ձեռնարկված որոշակի արդյունավետ միջոցառումների արդյունքում իրավիճակը սկսեց կարգավորվել, իսկ վերջին երկու տարիներին Բանկը շահույթի տպավորիչ ցուցանիշներ գրանցեց: Դա բացատրվում է ոչ միայն ռազմավարական փոփոխություններով, այլ նաև թիմային աշխատանքով։ Ասել, թե հպարտանում եմ ֆինանսական որոշակի նվաճումներով սխալ կլինի, որովհետև մենք թիմով ենք աշխատում, ինչի շնորհիվ էլ ունենում ենք այս կամ այն ցուցանիշի բարելավում և առաջընթաց։ Բանկը, որպես մի մեծ օրգանիզմ, չի գործի, եթե ճիշտ ու համաձայնեցված չաշխատի ամեն մի ստորաբաժանում։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր աշխատակցի դերը Բանկի հաջողության գործում և պահպանում ենք թիմային ոգին։ Ինչ վերաբերում է զարգացման տեսլականին, ապա որպես Հայաստանում տարիների փորձառություն ունեցող, միաժամանակ շատ երիտասարդ (նկատի ունի ռեբրենդինգը խմբ․) Բանկ՝ IDBank-ը լի է նոր մտահղացումներով, ծրագրերով, որոնց մի մասն արդեն իսկ իրագործման փուլում են, մի մասն էլ շուտով վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն մեր հաճախորդներին ու գործընկերներին։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт