«Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի» դատական գործընթացը դեռևս շարունակվում է: Գործը վերաքննիչ դատարանում է Բանկի բողոքով, այն է` բեկանել ընդհանուր իրավասության դատարանի` Բանկից հօգուտ ընկերության 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու դատական ակտը: Վերաքննիչ դատարանը 3 դատական նիստ անցկացնելուց հետո որոշման հրապարակման օր էր նշանակել փետրվարի 27-ը, սակայն տեղեկացրել է, որ նշանակում է ևս մեկ նիստ` այն կկայանա մարտի 9-ին: Այդ առիթով զրուցել ենք Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ. - Պարոն Աբրահամյան, վերաքննիչ դատարանը հայտնի դատական գործով ևս մեկ նիստ է նշանակել, Ձեր կարծիքով ինչն է պատճառը և ինչ սպասելիքներ ունեք այս առումով: Վերաքննիչ դատարանը գործը քննել է բավականին հանգամանորեն, երկու կողմին էլ ուղղել է հետաքրքրող հարցերն ու լսել փաստարկները: Պետք է ասեմ, որ վերաքննիչ դատարանը սովորաբար աչքի է ընկնում 1-2 դատական նիստով գործը քննելու պրակտիկայով: Սակայն մեր դեպքում, ամենայն հավանականությամբ, դատարանի համար բաց հարցեր են մնացել, որոնց պատասխանները ստանալու ակնկալիքով էլ նշանակվել է ևս մեկ նիստ: Այն կկայանա մարտի 9-ին, որից հետո, հուսով ենք, դատարանը կհրապարակի որոշումը: Մենք լիահույս ենք, որ գործի հանգամանալից քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կկայացնի արդար և օրենսդրական բոլոր նորմերը հաշվի առնող որոշում: Անկեղծ ասած, Ընդհանուր իրավասության դատարանի` հենց այդ նորմերի խախտումներով վճռի արդյունքում է գործը հայտնվել վերաքննիչում: Մենք մատնանշել ենք մի շարք դատավարական և օրենսդրական խախտումներ, որոնց վրա էլ հրավիրել ենք վերաքննիչի ուշադրությունը: - Վերաքննիչի վճիռը կլինի թվով 4-րդը այս տարիներ ձգվող դատական գործընթացում: Ըստ էության երկու վճիռ կայացվել է Բանկի դեմ, իսկ վերաքննիչը մեկ անգամ արդեն բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը: Որո՞նք են հիմնական վիճելի հարցերը, որոնց շուրջ այդպես էլ չի հաջողվում կոնսենսուսի գալ: Ընթերցողին չծանրաբեռնելու համար երկու բառով նշեմ, որ հայցը 2015 թվականին կնքված համաձայնագրի շուրջ է: Սնանկ ճանաչված «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը, որի նախկին սեփականատերն ու այս գործընթացի իրական շահառուն Գևորգ Աֆանդյանն է, պնդում է, որ Բանկը խախտել է կնքված համաձայնագիրը, իսկ մենք ունենք բոլոր ապացույցները, որ Բանկը չի խախտել այդ համաձայնագրի որևէ պայման: Համաձայնագրով Բանկը պարտավորվել էր «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքը. երկու տարվա ընթացքում վաճառել «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությանը կամ նրա կողմից նշված անձին: Բանկը վաճառել է գույքը մինչև երկու տարին լրանալը մի ընկերության, որը Գ. Աֆանդյանի հետ բանակցությունների արդյունքում ստեղծվել է հենց այդ նպատակով, և այդ ընկերության 33% բաժնեմասը տրվել է, շեշտում եմ` առանց որևէ ներդրման տրվել է Գ.Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին: Առկա է այդ բոլոր բանակցությունները հիմնավորող նամակագրությունը: Եվ հիմա Գ. Աֆանդյանը պնդում է, որ Բանկը գործարանի շենքը վաճառել է երրորդ ընկերության, և ինքը տեղյակ չի եղել: - Դուք բազմիցս նշել եք, որ այս գործն աննախադեպ է և վտանգ է ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի և առհասարակ ներդրումային միջավայրի համար։ Ինչո՞վ է, այնուամենայնիվ, գործն աննախադեպ և ինչո՞ւմ է կայանում վտանգը։ Գործն աննախադեպ է ոչ միայն հայցադիմումում նշված գումարի չափի, այլ նաև փաստերի յուրովի մեկնաբանման և իրավական մանիպուլյացիայի առումով։ Ընդհանրապես, համաձայնագիրը, որով անցկացվում է դատական ամբողջ գործընթացը իրավաբանների մոտ տարաբնույթ հարցեր է առաջացնում․ տույժի գումարը, որը տվյալ համաձայնագրով սահմանված է գույքի արժեքի հնգապատիկի չափով, արդեն իսկ վիճելի է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ համաձայնագիրը կնքելու պահին գույքը տարբեր գնահատողների կողմից գնահատվել է առավելագույնը 2,5 մլն ԱՄՆ դոլար, ապա տույժի գումարն արդեն ծիծաղելի է դառնում։ Բանկային համակարգի և մեր երկրի ներդրումային միջավայրի համար վտանգը բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ մեր երկրում, ցավոք, օտարերկրյա ներդրումները պաշտպանված չեն եղել, և այսօր էլ, չնայած դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մենք գալիս ենք մի իրավիճակի, երբ դատարանները կայացնում են կամայական վճիռներ առանց անգամ հաշվի առնելու տվյալ դեպքում հայցադիմումը ներկայացնողի գործելաոճն ու մոտեցումները։ Քանի որ այս անգամ վերաքննիչ դատարանը բավականին հանգամանալից քննել է գործը, հուսով ենք, որ այնուամենայնիվ իրականությունը կպարզվի և որոշումը կբխի դրանից ։ Համենայդեպս, Բանկն իր կողմից ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ապահովի իր բնականոն գործունեությունն ու կայունությունը ու դատական գործընթացները որևէ կերպ չանդրադառնան իր հաճախորդների վրա։ Գլոբալ առումով սա փաստորեն մի գործընթաց է, որը սանձազերծվել է Հայաստանում մեծ ծրագրեր ունեցող ներդրողի նկատմամբ, ու դատարանի ոչ արդար որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի ներդրումային միջավայրի վրա։ - Գ․ Աֆանդյան գործարարը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մեծ պարտքեր է կուտակել նաև ՀՀ 7 այլ բանկի նկատմամբ, բացառություն չէ նաև պետբյուջեն․ նա ունի չկատարված հարկային պարտավորություններ, որը բավականին պատկառելի թիվ է կազմում։ Իրավապահ մարմինները հետաքրքրվա՞ծ են նրա գործունեությամբ։ Հստակ պատասխան ստանալու համար հարցն ավելի ճիշտ կլիներ ուղղել հասցեատերերին, սակայն կոնկրետ այս գործում մեր իրավաբանները որոշակի հանցակազմ են տեսնում։ Մենք արդեն իսկ ունենք փաստաթղթերի գրեթե պատրաստ փաթեթ, որոնց հիման վրա պատրաստվում ենք հաղորդում ներկայացնել ԱԱԾ։ Ինչ վերաբերում է Գ․ Աֆանդյան գործարարի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների պարտքերին, ապա, այո, դրանց վերաբերյալ թե մամուլում, թե այլ բաց աղբյուրներում կգտնեք բազմաթիվ տեղեկություններ, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում գրանցված են մի շարք դատական գործընթացներ, որոնք նույնպես հյուսված են նրա կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունների շուրջ։ Ընդ որում՝ կան դատական գործեր, որոնք Գ․ Աֆանդյանի երկու ընկերությունների միջև է կամ ասենք նույն դատական գործով հայց է ներկայացված մի ընկերության և նրա սնանկության կառավարչի կողմից։ Նման արհեստական դատական հայցերով կոնկրետ ԱյԴի Բանկի դեմ հայցերի թիվը 7-ն է։ Սա ոչ միայն ծանրաբեռնում է դատական համակարգը, այլ նաև խոսում է տվյալ գործարարի՝ անպատասխանատու վերաբերմունքի մասին։ Այդ է պատճառը, որ ունենալով կասկածներ այս գործում հանցավոր տարրերի առկայության վերաբերյալ՝ մենք դիմելու ենք ԱԱԾ, ընդ որում անկախ վերաքննիչ դատարանի որոշումից, սակայն այդ որոշումից են կախված մեր հետագա քայլերը․ Բանկի վարկանիշն ու մեր հաճախորդների նկատմամբ պարտավորությունները մեզ համար առաջնային են։