Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը և Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապեցին շուրջ մեկ տարի գործվող «Արևագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես տղաների ձեռքով կատարվեց։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։
Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը․ առաջինը «բարեԳործեց» IDBank-ը։ Նվիրաբերելով 1 մլն ՀՀ դրամ՝ IDBank-ի աշխատակիցները 1000 կապով հիմք դրեցին Արևագորգի առաջին շարքերին։ Բացի այդ նույն օրը Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուն հերթական անգամ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն է լինելու։ Արդյունքում՝ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց 1000+ հիմնադրամին։
Ինչպես «Մի դրամի ուժը», այնպես էլ «Արևագորգի» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում են այն գաղափարը, որ անգամ փոքր, բայց միասնական ներդրումով մենք կարող ենք արժանապատիվ ապագա ստեղծել մեր զինվորների և նրանց ընտանիքների համար։
«Արևագորգի» նախաձեռնության շնորհիվ մինչև օրս հավաքագրվել է 8,123,000 ՀՀ դրամ, սակայն «Արևագորգի» ճանապարհն այսքանով չի ավարտվում․ այն տեղափոխվել է «Մեգերյան կարպետ»՝ անցնելու հատուկ լվացման և մշակման գործընթացը, որից հետո այն կվաճառվի աճուրդով և ամբողջ հասույթը «Մեգերյան կարպետ»-ի կողմից կփոխանցվի ԶԱՀ-ին։
Միասին՝ հերոսի կողքին
***
«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսի 8-ին։ Երկու տարվա ընթացքում տարբեր հիմնադրամների ու նախաձեռնությունների է փոխանցվել 88 մլն ՀՀ դրամից ավելի գումար։
***
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» շահույթ չհետապնդող, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է։ Այն ստեղծվել է 2017թ․ ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, զինհաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։
Մեր սկզբունքներից են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք ապահովում ենք կայքում հրապարակելով Հիմնադրամի կատարած բոլոր հատուցումները, ինչպես նաև ստացված բոլոր նվիրաբերությունները և պարտադիր վճարները։ Մենք նաև որդեգրել ենք արդարության սկզբունքը․ մենք հատուցումներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած զինվորներին անկախ նրանց սոցիալական հնարավորություններից և դիրքից։