IDBank-ի անունով կրթաթոշակ կսահմանվի
Աշխատաշուկայում Բանկի ներկայիս և ապագա առաջարկների, ուսանողներին տրվող հնարավորությունների մասին News.am-ը զրուցել է IDBank-ի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանի հետ։

-Նախորդ տարի Բանկն իրականացրեց ռեբրենդինգ, որքանո՞վ է այդ գործընթացն անդրադարձել որպես գործատու Բանկի վերափոխման վրա:
-IDBank-ի՝ որպես լավագույն նորարար Բանկի նպատակներից մեկն է լինել լավագույն գործատու։ Ռեբրենդինգով վերափոխվել է ոչ միայն Բանկն արտաքինից, ոչ միայն բարելավվել է սպասարկման որակը, ոչ միայն ընտրվել է թվայնացման ուղին, այլ նաև ընդգծվել է որպես լավագույն գործատու հանդես գալու կարևորությունը։ Բանկի 5 արժեքներից մեկն է լինել թիմային․ մենք կարևորում ենք մեր աշխատակիցների միջև ներդաշնակ համագործակցությունը՝ հանուն ընդհանուր արդյունքի, ընդ որում Բանկի համար առաջնահերթ է աշխատակիցների բարձր մոտիվացիան և գոհունակությունը, ուստի Բանկն ամեն օր աշխատանք է տանում այդ ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելով դիրքը որպես լավագույն գործատու, որն ունի կայացած կորպորատիվ մշակույթ և ամուր արժեքներ։

-Ձեր կարծիքով որո՞նք են լավագույն գործատուի հիմնական առանձնահատկությունները:
-Լավագույն գործատուի համար կան մի շարք գրված և չգրված օրենքներ, որոնց առկայության դեպքում աշխատակիցները կսիրեն ու միայն լավը կխոսեն գործատուի մասին։ Գործատուն հաջողում է, երբ իր բոլոր աշխատակիցներն իր դեսպանն են դառնում՝ տարածելով կազմակերպության մշակույթն ու արժեքները, որտեղ էլ որ լինեն։
Որպես ՄՌԿ վարչության ղեկավար ինձ համար կարևոր է, որ լավագույն գործատուն միշտ կարողանա նյութական գնահատման հետ մեկտեղ ոչ նյութական ձևերով գնահատել իր աշխատակցին, խրախուսել կատարված թիմային և անհատական աշխատանքը՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով աճի և զարգացման համար։
IDBank-ը հենց այս մոդելն է ընտրել լավագույն գործատու դառնալու ճանապարհին։ Բանկի համար կարևոր են ներքին առաջխաղացումները, միշտ կան աճի լայն հնարավորություններ։ Բանկը ստեղծում է լավ նախադրյալներ աշխատակիցների մասնագիտական մակարդակը բարձրացնելու, մասնավորապես կրթության, մասնագիտական միջազգային որակավորումների ձեռքբերման, տարբեր վերապատրաստումների ծրագրերի մասնակցության համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։
Բանկի համար կարևոր է արտոնությունների լավ փաթեթ ունենալը, օրինակ, Բանկը, կարևորելով աշխատակիցների առողջությունը, սահմանել է բավականին ընդարձակ և մրցունակ առողջական ապահովագրության փաթեթ, մյուս կողմից կարևորում ենք նաև առողջ ապրելակերպը՝ աշխատակիցներին տրամադրելով սպորտային ակումբների անդամակցություն արտոնյալ պայմաններով։ Բանկը խրախուսում է թիմային միջոցառումներն ու Բանկի աշխատակիցների միջև ներդաշնակ ներքին հաղորդակցությունն ու աշխատանքը։ Փորձում ենք ամեն աշխատանքային օրը դարձնել հետաքրքիր և հիշարժան։

-Աշխատանքի Շուկայում այս պահին ի՞նչ առաջարկներով է հանդես գալիս Բանկը:
-Հաշվի առնելով IDBank-ի ընտրած թվայնացման ճանապարհը՝ դասական բանկային հաստիքների հետ մեկտեղ արդեն իսկ ներգրավել ենք և շարունակում ենք ներգրավել ՏՏ ոլորտի մասնագետների։ Շուտով էլ ավելի շատ նորություններ կունենանք այս ոլորտի մասնագետների համար։
Բանկը մեծ տեղ է տալիս ուսումնական գործընթացներին ոչ միայն ներկա աշխատակիցների համար։ Մենք մշտապես բաց ենք նորավարտ ուսանողների հետ համագործակցության համար և խրախուսում ենք մի շարք հաստիքներում սկսնակ մասնագետների ներգրավումը՝ իհարկե նախ անցկացնելով տեսական և պրակտիկ դասընթացների փուլ։ Հիանալի օրինակ է «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագիրը, որը, վստահաբար կրելու է շարունակական բնույթ։

 -Դուք նշեցիք «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի մասին. կմանրամասնե՞ք՝ ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը և ինչպիսին էր մասնակիցների ակտիվությունը:
-Այսօրվա աշխատաշուկայի գործատուների մեծամասնությունն ակնկալում է, որ իրենց ապագա աշխատակիցը պետք է փորձառու լինի։ Փաստորեն, արհեստականորեն բազմաթիվ մեծ պոտենցիալով և խելացի նորավարտ ուսանողներ զրկվում են այդ փորձը ձեռք բերելու հնարավորությունից։
Այսօր ցանկացած ուսանողի համար աշխատանք գտնելը խնդիր է․ ցավոք, նույնիսկ գերազանցությամբ բուհն ավարտելուց հետո ուսանողները, հնարավոր է՝ տարիներով հնարավորություն չունենան ձեռք բերած գիտելիքը կիրառել գործնականում: Ուստի IDBank-ը որոշեց լուծել այս խնդիրը գոնե մի խումբ ուսանողների համար և հնարավորություն տալ նրանց ուսանել, այնուհետև աշխատել Բանկում։ Ծրագրի մեկնարկից մի քանի օր հետո արդեն ունեինք շուրջ 100 դիմորդ-ուսանող, ինչով ևս մեկ անգամ ընդգծվեց այս ծրագրի կարևորությունը։ Արդեն ունենք ընտրված 13 ուսանող, ի սկզբանե որոշված 10-ի փոխարեն, ովքեր շուրջ 2 ամիս տեսական և գործնական դասընթացներից հետո, հնարավորություն կունենան միանալ մեզ որպես մեր թիմի լիիրավ անդամներ։
Սա ուսանողների կրթությանը և փորձի ձեռքբերմանը միտված ծրագրերից մեկն է միայն, և շատ շուտով էլ ավելի հետաքրքիր ծրագրի մեկնարկն ենք ազդարարելու․ նպատակը ուսանողներին ֆինանսապես աջակցելն ու կրկին պրակտիկ ուսուցման հնարավորություն տալն է։ Խոսքը գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին IDBank-ի անվան կրթաթոշակ տրամադրելու մասին է։

-«IDBank-ի անվան կրթաթոշակ» ծրագրի դեպքում որո՞նք են թիրախային ուսումնական հաստատությունները և ի՞նչ հնարավորություն է այն տալիս ուսանոներին։
-Ինչպես արդեն նշեցի, Բանկի համար կրթության խթանումը կարևոր է։ Սակայն, Բանկը որպես սոցիալական պատասխանատվություն կրող կառույց գիտակցում է նաև, որ կան ուսանողներ, ովքեր չեն կարող շարունակել ուսումը՝ ելնելով հենց սոցիալական պայմաններից։ Ուստի այս ծրագրով փորձելու ենք հնարավորություն տալ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին շարունակել ուսումը մագիստրատուրայում IDBank-ի անվան կրթաթոշակով։ Ուսանողների համար կազմակերպության կողմից կրթաթոշակ սահմանելը միջազգայնորեն ընդունված լավ ավանդույթ է, բայց Հայաստանում, դեռևս նման մշակույթ ձևավորելու կարիք կա։ Բանկը սահմանել է որոշակի չափանիշներ, որոնց համապատասխան ընտրված լավագույն ուսանողները ոչ միայն կստանան IDBank-ի անվան կրթաթոշակ և հնարավորություն կունենան շարունակել ուսումը մագիստրատուրայում, այլ նաև կմասնակցեն Բանկում կազմակերպվող մի շարք վերապատրաստումների, գործնական և տեսական սեմինարների Բանկի ղեկավար անձանց կողմից՝ ստանալով պրակտիկ գիտելիքներ։ Այսկերպ սոցիալական խնդիր լուծելուց զատ Բանկը ցանկություն ունի առնչվել լավագույն ուսանողների հետ՝ նրանց առաջարկելով նաև աշխատանքային հեռանկար։
Հաշվի առնելով IDBank-ի ուղղվածությունը՝ կարող եմ ասել, որ թիրախային ուսումնական հաստատությունները պետք է ունենան տնտեսագիտական, մաթեմատիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտացում։
Վստահ եմ, որ ևս մեկ հիանալի հնարավորություն ենք ստեղծելու ուսանողների համար, և շատ շուտով կազդարարենք ծրագրի մեկնարկը՝ հավելյալ տեղեկատվությամբ։
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт